Սերիալային գործունեության,
Հղումներ / 30 Հունվարի, 2016

Տիկին Մկրտչյան, վերջին տարիներին Ձեզ հաճախ էինք տեսնում հեռուստաէկրաններին,բայց այս պահին կարծես թե դադար եք տվել. ինչո՞վ է պայմանավորված լռությունը:

— Բավականին հաճախ են այդ հարցը տալիս: Իրականում դերասանի կյանքում դադարը ավելի շատ պայմանավորված է լինում կամ առաջարկվող դերերի բացակայությամբ կամ անհամապատասխանությամբ: Այնպես ստացվեց, որ վերջին շրջանում ֆիլմերում նկարահանվելու կամ հեռուստատեսությամբ հանդես գալու շատ քիչ առաջարկներ եղան: Իսկ այն դերերն էլ, որոնք այս շրջանում առաջարկվեցին, ինքս հարմար չգտա  ընդունել, որովհետև իմ կարծիքով ինձ համապատասխան չէին:

Տիկին Մկրտչյան, դերասանների համար հեռուստատեսային աշխատանքըժամանակավոր մի բան է, բայց նրանց կյանքում թատրոնն անընդհատ ներկա է: Մի փոքրկպատմե՞ք, թե այս շրջանում ի՞նչ գործունեություն եք ծավալում թատրոնում:

— Այս պահին թատրոնը վերանորոգման փուլում է, բայց մենք աշխատանքի մեջ ենք: Բեմադրվում են մի քանի ներկայացումներ, տարբեր ռեժիսորներով: Դերասանական խմբի գրեթե մեծ մասը զբաղված է: Բեմադրվում է Գ. Սունդուկյանի  «Պեպո»-ն, որտեղ ես մարմնավորելու եմ  Պեպոյի մոր՝ Շուշանի կերպարը, ինչն էլ շատ հաճույքով եմ փորձում: Ընդհանուր առմամբ՝ թատրոնի ողջ անձնակազմն անհամբերությամբ սպասում է վերանորոգման ավարտին և մենք վստահ ենք, որ բավական լավ արդյունք է լինելու. ձայնային և լուսային համակարգը գերազանցելու է նախկին վիճակը:

Ընդամենը անցյալ տարի դուք դժգոհ էիք թատրոն այցելող հանդիսատեսի քանակից, այդառումով մեկ տարի անց որակային փոփոխություն տեղի ունեցե՞լ է:

— Ես գիտեմ և հավատում եմ, որ հայ ազգը թատրոն և բեմարվեստ սիրող ու գնահատող ազգ է: Հուսով եմ, որ հանդիսատեսի պակասը կամ մակարդակը պայմանավորված է կոնկրետ ինչ-որ ժամանակաշրջանով կամ իրավիճակով, և հուսով եմ նաև, որ դա վերականգնվող  երևույթ է և ժամանաավոր բնույթ է կրում: Վստահ եմ, որ գեղագիտական ճաշակով և լավ բեմադրված ներկայացումը  երբեք ստվերում չի մնա:

Ըստ Ձեզ, ի՞նչն է պակասում այսօրվա թատրոնին եւ հեռուստատեսությանը, քանի որկարծես թե ժամանակներն առաջ են շարժվում, բայց այս երկու ոլորտների վերաբերյալմիշտ չէ, որ բոլորը գոհ են:

— Իմ կարծիքով, կոնկրետ որևէ բան չի պակասում թատրոնին կամ հեռուստատեսությանը: Պարզապես ինչպես միշտ լինում են ստացված, հաջողված պրոյեկտներ, կամ  հակառակը՝ անհետաքրքիր կամ չստացված նախագծեր եւ բեմադրություններ: Եվ այդպես եղել է բոլոր ժամանակներում: Միշտ էլ եղել են դժգոհություններ, պարզապես ըստ իրավիճակի կամ ժամանակաշրջանի դրանք ավելանում կամ պակասում են: Իսկ մնայուն արժեքները միշտ էլ մնում են մնայուն:

Եթե տարիներ առաջ երիտասրադները ավելի շատ հետաքրքրված էին էկրանայինկյանքով, հիմա նրանք ձգտում են դեպի բեմը՝ թատրոնը, սակայն մի տարբերությամբ,նրանցից շատերը չեն ձգտում այս կամ այն թատրոնի հաստիքային աշխատողը լինել,նրանք ակտիվորեն հանդես են գալիս կոմերցիոն ներկայացումներով: Ի՞նչ եք կարծում,ինչն է այս միտումի պատճառը եւ արդյոք խաղարկային եւ կոմերցիոն ներկայացումներընույն հարթության վրա են:

— Ես չեմ պատկերացնում, որ որևէ մեկը ստանալով թատերական կրթություն, ստանա առաջարկ որևէ թատրոնում աշխատելու ու հանկարծ հրաժարվի: Այդպիսի բան լինել չի կարող: Բոլոր ժամանակներում թատրոնը եղել և մնում է թատրոն: Բեմում խաղալու զգացողությունը վեր է ամեն ինչից: Եվ պատահական չէ, որ դերասանը կարող է շատ ավելի քիչ վաստակելով մնա և շարունակի աշխատել թատրոնում:  Բայց ինչ խոսք, չի խանգարի, որ դերասանը ունենա հնարավորություն վաստակել ավելի շատ գումար՝ կոմերցիոն ներկայացումների կամ հեռուստապրոյեկտների մասնակցելով:

Կցանկանայի լսել նաեւ Ձեր կարծիքը դերասանների նոր սերնդի մասին: Մենք ունե՞նքապագա վաստակավոր ու ժողովրդական արտիստների կոչումներին արժանիդերասաններ:

— Այո, ունեցել ենք և այսօր էլ կարող ենք  ունենալ: Ես բազմաթիվ բեմադրություններում և տարբեր թատրոններում տեսել եմ շատ շնորհալի երիտասարդների, որոնք մեծ պոտենցիալ  ունեն լավ դերասաններ դառնալու: Եվ ինքս էլ հենց մեր թատրոնի բեմադրությունների ընթացքում բեմի վրա լինում եմ շատ շնորհալի երիտասարդների կողքին: Եվ, կարծում եմ, ապագայում նրանցից շատերը կլինեն վաստակավոր և ժողովրդական արտիստներ՝ բառի լայն իմաստով:

Վերջին շրջանում վաստակավոր կամ ժողովրդական արտիստների կոչումը շատքննարկվեց, շատերը համաձայն չեն այդ կոչումները կրողների հետ: Ի՞նչ կարծիք ունեքդուք:

— Ես կարծում եմ,որ դա պարզապես գնահատականի ձև է: Մարդն աշխատում է ամբողջ կյանքում հասարակության լայն շերտերի համար և որպես խրախուսանք, գնահատանք կամ ուղղակի երախտագիտություն ստանում է  այդ կոչումը: Ես համաձայն չեմ միայն այդ կոչումներին՝  կապված ամբիցիաների հետ, երբ դրանք վերածվում են շուկայական հարաբերությունների:

Գիտեմ, որ դեմ չեք սերիալներին, միաժամանակ, շատերը շարունակում են «քարկոծել»իրար հաջորդող սերիալային նորաձեւությանը, տիկին Մկրտչյան, մեր սերիալենրըիսկապե՞ս որակապես կաղում են, թե ըստ Ձեզ նման խոսակցությունները ուռճացված են:

— Ինձ թվում է սերիալներին վերաբերող հարցն արդեն կորցրել է ակտուալությունը: Ժամանակակից ազատ աշխարհում մարդիկ ազատ են ներակայացնել և իրականացնել տարբեր տեսակի և որակի պրոյեկտներ՝ լինի դա սերիալ, թե հեռուստահաղորդում կամ բեմադրություն: Եթե այս պահին դեռ մեր հասարակարգը ունի այդ սերիալների կարիքն ու պահանջարկը, ապա բնական է, որ պետք է լինեն այդ պահանջարկը բավարարող առաջարկներ ևս: Սերիալների որակը ոչ միայն կապված է դրանք ստեղծողների ճաշակի սահմանափակ լինելու կամ այլ գեղագիտական կարողությունների հետ, այլ լավ սերիալը նաև պահաջում է մեծ ֆինանսական միջոցներ, որը հաճախ չէ, որ մեր պայմաններում հնարավոր է լինում ապահովել: Ես կողմ եմ, որ մարդիկ աշխատեն և աշխատանք ունենան և հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում հնարավոր կլինի ավելի կատարելագործել տվյալ ոլորտը:

Տիկին Մկրտչյան, Ձեր տանը արվեստագետ ամուսիններից ծնվել են արվեստից հեռուուղղություններ նախընտրող երեխաներ, կպատմե՞ք, թե ինչով էր դա պայամանավորված: Ի դեպ, գիտեմ նաեւ, որ արդեն տատիկ եք:

— Կարծում եմ՝ իմ երեխաները ավելի պրագմատիկ են և ընտրել են այնպիսի բնագավառներ, որտեղ ավելի մեծ հնարավորություններ կան ինքնադրսևորվելու և հաջողության հասնելու: Միգուցե նաև նրանց կյանքում մեր արվեստը  և ներգրավվածությունը թատրոնի  կյանքին արդեն բավարար է եղել, որպեսզի սպառեն հայտնի լինելու կամ ծափահարություններ ստանալու մղումը:  Ուրախ եմ, որ ունեմ ինքնաբավ և կայացած երեխաներ: Իսկ որպես տատիկ՝ ամենաերջանիկ տատիկներից եմ, քանի որ ունեմ երկու հրաշք թոռնիկ:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան 

TOP